ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Ո՛չ ծերից, ո՛չ մեջտեղից, ո՛չ խորքից հայոց իշի պոչը չեն կտրելու

Ո՛չ ծերից, ո՛չ մեջտեղից, ո՛չ խորքից հայոց իշի պոչը չեն կտրելու
05.12.2008 | 00:00

ԿԵՍ ԼՈՒՐՋ-ԿԵՍ ԿԱՏԱԿ
Լեզուն լեզու է, բայց էդ լեզուն ունի իր լեզուները. է՛լ գյուղացու, է՛լ քաղաքացու, է՛լ մեծ ու փոքրի, է՛լ գեղագետի, է՛լ գրողի, է՛լ դիվանագետի խոսք ու լեզու։ Ոճն էլ` խոսք ու լեզվին խառնած։ Բոլորը չէ, որ կարող են երկար-բարակ խոսել. ժամանակի ու իրավունքի խնդիր է։ Դիվանագետի բառերը վայրկյանների նման հաշվված են։ Մեր դիվանագետ, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը վերջերս պաշտոնական մի հանդիպման ժամանակ, ինքն իրենից վայրկյաններ խլելով, բառեր նվիրեց ունկնդիրներին, խոսեց պատկերավոր. «Թե գյուղն է որոշել իշի պոչը կտրել` չեն կտրի»։ Խոսքը տեղին, թե տեղին չէր, դա ասողի գործն է, բայց որ միջի պարապը ես եմ, թույլ տվեք կարճ խոսքը երկարացնել, թեև պապիցս եմ լսել` թոկի երկարն է լավ, խոսքի` կարճը։ Երկար, թե կարճ, գլխավորն էն է, որ տեղ հասնի։
ՈՒրեմն, իրիցկինը լեղապատառ տուն է մտնում, թե.
-Տերտեր, օրը ցերեկով շնթռել ես, շուտ արա, վի կաց, տուններս քանդվեց...
Երեցը դժվարությամբ շուռ է գալիս, աչքերը բացում, տեսնում, որ տունը տեղում է, ոչ մի քանդվել էլ չկա, իսկ իրիցկինը մազերն է խառնում, երեսն է ճպռպորում ու միալար կանչում` վա՜յ, տունս քանդվեց, վա՜յ, հասեք, տունս քանդվեց, տերտեր, վի կաց, մի ճար արա։
Տերտերը, որ դեռ քնաթաթախ էր, խելքը գլուխն է հավաքում ու իրիցկնկանը հորդորում.
-Խելքդ գլուխդ հավաքիր ու ասա` ի՞նչ տուն քանդվել, ի՞նչ բան...
Իրիցկինն էլ, թե.
-Տունը քանդվեր, դու էլ տակը մնայիր, քան...
-Քան` ի՞նչ...
Իրիցկինը փեշով սրբում է քիթ-մռութը, թե.
-Մեր էշը ընկել է հանրայինի արտը, տարել են գոմն արել, հիմա գյուղխորհրդի ակտիվով հավաքվել են, իշին պատժելու հարցն են քննում, օրակարգի գլխավոր հարցը մեր իշի արարքն է։ Խաբարն ականջս ընկավ, թե էդ խիղճները հանգած ակտիվիստներն ուզում են մեր իշի պոչը կտրել... պոչատ աղվես դարձնել։
Տերտերը դարդ է անում իշի կտրած պոչի համար, ապա խելքը գլուխն է ժողովում, զգում, որ ցավը մարդու համար է, պետք չէ իրար անցնել, պետք է սառը դատել։ Լավ մտքեր են գալիս, թափվում գլխից, լցվում ծոծրակն ու ծոցը, հուզված լեզուն նույնպես սառն է դատում.
-Ա՛յ իրիցկին, վա՛խիլ մի։ Մեր իշի պոչին ձեռ տվող չի լինի։
-Էդ ո՞նց... Էդ ակտիվի մոտ ո՛չ դու խաթր ունես, ո՛չ էլ էշը։ Կտրելու են։- Իրիցկինը լացը կապում է.- Վա՜յ, իմ անպոչ էշ ջա՜ն...
-Ձենդ կտրի,- ասում է երեցը,- եթե մեր ծակակտիվը հավաքվել է, նրանցից մեկի բերանից էլա մի խոսք դուրս չի գա։
-Էդ ո՞նց, ա տերտեր...
-Դե, ինձ չսիրողը կասի` տերտերի իշի պոչը խորքից կտրենք, մի խղճովը կասի` պոչի ծերից մի չռամատը կտրենք, հերիք է, իր խոսքը չունեցողը կասի` մի քիչ պոչի ծերիցը կտրենք, մի քիչ էլ խորքից կտրենք, մի քիչ էլ մեջտեղից, մինն էլ կասի` տերտերի իշի պոչը ձեզ համար խաղալիք չի... Էսպես մին կհավաքվեն, երկու կհավաքվեն, յոթ ու քառասուն անգամ կհավաքվեն, մի խոսքի չեն գա։ Հասկացա՞ր...
-Վա՜յ, խելքիդ մատաղ, տերտեր, ինչ լավ է, որ դու ես ինձ փայ ընկել, թե չէ ինձ ուտում էի։
...Հիմա մենք ենք ու մեր հարցերը։ Հարցերն, իհարկե, իշի պոչ չեն, բայց հաճախ օտարալեզուները գալիս ու իշի գլուխ-իշի գլուխ, որպես շատ կարևոր իշի գլուխ մեր հարցերը դարձնում են գյուղովի որոշվող իշի պոչ։ Եթե ազգ լինենք, եթե մեր հարցերի լուծումն իմանանք, ամեն մեկի ձեռը մի իշի պոչ կդնենք ու կասենք` թո՜շ, թոշ, մեր արտիցը դուրս եկեք ու գնացեք ձեր տներում, ձեր երկրներում ձեր խելքը շանց տվեք, ձեր զռռոցը կապեք։
Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 6658

Մեկնաբանություններ